Սղերդի քոչարի

Սղերդի քոչարին խրոխտ և ոգեղեն պար է։ Պահպանված քոչարիներից միակն է, որն ունի վեր խոյացող շարժում։ Դրանով է թերևս նրա առանձնահատկությունը՝ խոյահարող շարժումը։ Պարն ամբողջովին վերարտադրում է խոյերի մենամարտի տեսարանը՝ տապալելով ախոյանին և տոնելով սեփական հաղթանակը։ Մեղեդիապես նման լինելով այլ քոչարիներին, առանձնանում է իր հետաքրքիր պտույտներով։ Նախնական շրջանում միայն տղամարդիկ են պարել, քանզի պարն ունի ռազմական ուղղվածություն։

Մշո Խըռ

Մշո Խըռ պարն այն բարդ պարատեսակներից է, որի մեջ ոչ միայն զսպանակների քանակն, այլ նաև որակական առումով զսպանակների տարբերություն կա։ Ընդհանուր հաշվով կատարվող զսպանակները ձախ ոտքի վրա խորը կքանստեր են հիշեցնում, իսկ աջ ոտքի վրա փոքրիկ ծնկածալեր։ Հաշիվն այսպիսին է ՝ երկու խորը ծնկածալ ձախ ոտքի վրա, որից հետո մարմնի ծանրությունը տեղափոխվում է աջ ոտքի վրա և կատարվում երկու փոքր ծնկածալ և մեկ խորը ծնկածալ ձախ ոտքի վրա, որից հետո երեք ծնկածալ աջ ոտքի վրա։ Ընդհանուր ութ ծնկածալ, որից երեքը խորը կքանստով և բոլորը ձախ ծնկի վրա և հինգ ավելի փոքր չափսի ծնկածալեր՝ աջ ոտքի վրա։